Երեւանում, մայիսի 1-ին, տեղի կունենա «Առաջնորդության խթանում հայ երիտասարդների շրջանում» մենթորության եւ առաջնորդության (PLAY - Promoting Leadership among Armenian Youth) ծրագրի ավարտական միջոցառումը: Ծրագրում ընդգրկված են Երեւանը եւ Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող 45 հայ երիտասարդներ, որոնք, միավորվելով, նախագծել ու իրականացնում են այս նախաձեռնությունը:
Մասնակիցներից 15-ը Երեւանի տարբեր ԲՈՒՀ-երի առաջին կուրսի ուսանողներ են, ծրագրում հանդես են գալիս որպես մենթորներ, եւ նախաձեռնել են PLAY ծրագիրը, որպես «Փի-Էյչ Ինթերնեշնլ» (www.ph-int.org) ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից 2011թ. իրականացված Հայաստան-Թուրքիա-ԱՄՆ «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» միջազգային նախագծի շրջանավարտները: Մյուս 30 մասնակիցները մարզերից են, ավագ դպրոցի աշակերտներ եւ ծրագրում ընդգրկված են որպես մենթիներ:
Մենթորները` որպես ամերիկյան միջմշակութային փոխանակման ծրագրի ակտիվ շրջանավարտներ, ներկայումս փորձում են սեփական ծրագրերով հանդես գալ եւ հատկապես ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի մարզերում ապրող իրենց հասակակիցների քաղաքացիական ակտիվացման ու հասունացման գործում:
Միջոցառման պատվավոր հյուրերն են լինելու ՀՀ-ում ԱՄՆ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը եւ դեսպանության` Հասարակայնության հետ կապի բաժնի ներկայացուցիչները:
2012թ. գարնանը ԱՄՆ կառավարության ծրագրերի «Շրջանավարտների ներգրավվածության եւ նորարության հիմնադրամ»-ը հայտարարել էր իր ամենամյա դրամաշնորհների մրցույթը, որին 115 երկրներից ամերիկյան ծրագրերի 7,000 շրջանավարտներ դիմել էին 685 ծրագրերի առաջարկով: Մրցույթի երեք փուլերի արդյունքում, դպրոցը նոր ավարտած 15 հայ պատանիների` մենթորների խմբի կողմից առաջարկված PLAY ծրագիրը, մրցակցելով գիտությունների թեկնածուների, մագիստրոսների եւ այլ փորձառու, ավագ շրջանավարտների առաջարկած ծրագրերի հետ, կարողացել է դառնալ ամբողջ աշխարհից դրամաշնորհը շահած 50 խմբերից մեկը:
Ներկա պահին դրամաշնորհների տրամադրման համար ամերիկյան փոխանակման ծրագրերի «Շրջանավարտների ներգրավվածության եւ նորարության հիմնադրամ»-ի 2013թ. մրցույթը բաց է, եւ առնվազն 10 շրջանավատների թիմ կազմած խումբը, որն ունի հետաքրքիր ծրագրերի գաղափարներ ու դրանց իրականացման համար փնտրում է ֆինանսավորում, կարող է դիմել այս տարվա մրցույթին (https://alumni.state.gov/aeif):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել PLAY ծրագրի թիմի ղեկավար, «Փի-Էյչ Ինթերնեշնլ» ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանին, հետեւյալ հեռախոսահամարով` (093) 42-25-39 կամ էլ. հասցեով [email protected]: PLAY ծրագրի եւ դրա գործունեությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ծրագրի կայքում (http://youth-mentors.blogspot.com/) եւ Facebook սոցիալական ցանցի էջում (https://www.facebook.com/playouth?ref=ts):




























