Անցյալ շաբաթվա ընթացքում Հայաստանում սուր շնչառական վարակների 4000 դեպք է գրանցվել: Այս մասին, այսօր` ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարարության Պետական հակահամաճարակային հիգիենիկ գերատեսչության մասնագետ Լիանա Թորոսյանը` ավելացնելով, որ անցյալ տարվա տվյալների համեմատ տվյալ վարակների թիվը կտրուկ նվազել է:
Մասնագետի խոսքով` ներկա պահին հանրապետությունում համաճարակային իրավիճակը` գրիպի ու սուր շնչառական վիրուսների առումով գնահատվում է որպես հանգիստ, ինչի մասին վկայում են ամենօրյա մոնիթորինգները: «Համաճարակային իրավիճակը նշանակալի չափով կայունացել է, սուր շնչառական վիրուսներով եւ գրիպով հիվանդների թիվը կրճատվել է»,- նշել է Թորոսյանը` ավելացնելով, որ դրանից ելնելով մոնիթորինգներն արդեն կատարում են ամեն շաբաթ: Այնուամենայնիվ, մասնագետը նշել է, որ հիվանդություններ նկատվում են, հատկապես մինչեւ երկու տարեկան երեխաների մոտ, ինչը օրինաչափ է այս եղանակի համար: «Այսօր մեր մայրիկներն ու բժիշկները աչալուրջ են, եւ բարդություններից խուսափելու համար լավ է երեխային թողնել բժիշկների հսկողության տակ»,- նշել է մասնագետը:
Լիանա Թորոսյանը նաեւ տեղեկացրել է, որ արդեն դադարեցրել են դպրոցներում եւ նախադպրոցական հաստատություններում մոնիթորինգներ կատարել, քանի որ եղանակը տաքանում է, եւ ըստ դրա կրճատվում է հիվանդների թիվը:




























