ԱՄՆ Հայկական համագումարը եւ ԱՄՆ հայկական ազգային ինստիտուտը պատրաստել են թվայնացված ալբոմ, որ ներկայացնում է Հայոց ցեղասպանության լուսանկարները եւ ուսուցողական քարտեզներ` կից պատմական տեղեկություններով:
Ալբոմը մանրամասնում է 1913թ-ից Օսմանյան Կայսրությունում իր աշխատանքը սկսած Գերմանական ռազմական միսսիայի գործունեությունը եւ վերջիններիս, ինչպես նաեւ այլ պետությունների ներկայացուցիչների կատարած բռնագաղթի եւ սպանդի լուսանկարները: Նկարներն արվել են հիմնականում Դեր Զորի տարածաշրջանում, ինչպես նաեւ պատմական Կարինում եւ Երզնկայում: Կցված է նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակագրական պատմությունը` սկսած աբդուլհամիդյան ջարդերի շրջանից:
«Ալբոմը ներկայացնում է հիմնականում Օսմանյան Թուրքիայի դաշնակից պետությունների` կայզերական Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի լուսանկարիչների կողմից արված նկարներ: Այսինքն լուսանկարներ են, որոնց իսկությունն առավել եւս անհնարին է կասկածի տակ առնել»,- նշում է ԱՄՆ Հայկական Ազգային Ինստիտուտի գործադիր տնօրեն Ռուբեն Ադալյանը:
«Տարեցտարի հասարակությանը եւ քաղաքական գործիչներին կրթելու նոր ուղիներ ենք փնտրում: Նոր բնույթի միջոցառումներ ենք նախատեսում առաջկայում»,- վիրտուալ ալբոմի հրատարակման առիթով հավելել է նույն կառույցի նախագահ Վան Գրիգորյանը:
Մեծ Եղեռնի թեմայով վիրտուալ ալբոմը հնարավոր է ներբեռնել ԱՄՆ հայկական համագումարի կայքէջից` www.aaainc.org:




























