«Առավոտ» թերթը հրապարակել է տնտեսագետ Գեւորգ Եղյանի՝ խմբագրություն ուղարկած նամակը. «Ի՞նչն է ավելի ազնիվ՝ բաց տեքստով ասել, որ պաշտպանում ես Սերժ Սարգսյանին, բայց քննադատել մեր կյանքի արատավոր երեւույթները եւ բազմաթիվ սկզբունքային հարցերում ունենալ իշխանություններից տարբեր մոտեցո՞ւմ, ինչպես որ դա անում է ՕԵԿ-ը, թե՞ նախագահական ընտրություններում ոչ մի բան չասել (եթե «այլընտրանք» ես, պաշտպանիր «այլընտրանքային» թեկնածուի), իսկ հետո իշխանական ու ընդդիմադիր խաղեր տալ՝ այդպես էլ չասելով, թե ինչը եւ ինչպես ես ցանկանում փոխել մեր կյանքում, ինչպես որ դա անում է ԲՀԿ-ն։

Երեւանի ավագանու ընտրարշավում այդ կուսակցության քարոզչությունը համոզիչ չէ, որովհետեւ ԲՀԿ-ականները, հանդիպելով մայրաքաղաքի բնակիչների հետ, խոսում են ոչ այնքան Երեւանի, որքան Հանրապետականի մենաշնորհը վերացնելու մասին, բայց չեն ասում, թե հանուն ինչի են պատրաստվում այդ մենաշնորհը քանդել։ Հանուն սեփակա՞ն մենաշնորհի։ Ակնհայտ է, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն հույս են դնում հիմնականում ընտրակաշառքի վրա։ Հակառակ դեպքում նրանք այնքան ձեւական չէին մոտենա ընտրարշավին՝ սահմանափակվելով ընդհանուր, ոչինչ չասող ձեւակերպումներով։ Ընդ որում, ԲՀԿ-ն փող է բաժանելու ուղիղ այնքան, որքան նրան թույլ կտա ՀՀԿ-ն, որովհետեւ վերջինս տիրապետում է բոլոր իրավական եւ վարչական լծակներին՝ ընտրակաշառքը կանխելու համար։ Եթե չեն կանխում, ուրեմն պայմանավորվել են։ Այ, դա ճիշտ այն գինն է, որը կարելի է տալ ԲՀԿ-ի՝ «այլընտրանք» լինելու համար:

Ժամանակները, սակայն, փոխվել են, եւ գոնե Երեւանում քաղաքացիների մեծամասնությանը այլեւս հնարավոր չի լինի գայթակղել այլընտրանք ձեւանալով եւ միանգամայն «ոչ այլընտրանքային» ձեւով փող բաժանելով։ Միամիտների քանակը գնալով պակասում է»,- մեջբերում է «Առավոտը»: