Բոլիվիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ երկրի նախագահ Էվո Մորալեսն իրավունք ունի երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Մորալեսը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից: 2009-ին երկրում ընդունվել է նոր Սահմանադրություն, որտեղ երկիրն անվանափոխվել է («Բոլիվիայի հանրապետությունը» դարձել է «Բոլիվիայի բազմազգ պետություն») եւ դեկտեմբերին նոր նախագահական ընտրություններ են կայացել: Այդ ընտրություններում կրկին հաղթել է Մորալեսը: Նա հայտարարել է, որ իր նախորդ նախագահական ժամկետը չպետք է հաշվարկվի, քանի որ այն լրիվ 5 տարի չի կազմել եւ եղել է նոր Սահմանադրությունից առաջ:

Բոլիվիայի ՍԴ նախագահ Ռուդի Ֆլորեսը հայտարարել է, որ «Բոլիվիայի բազմազգ պետությունում» Մորալեսի ընթացիկ նախագահական ժամկետն առաջինն է, ոչ թե երկրորդը, քանի որ 2009-ի նոր Սահմանադրությունը երկրում «նոր քաղաքական ու իրավական դարաշրջան է բացել»:

Եթե Մորալեսը հաղթի 2014-ի նախագահական ընտրություններում, ապա երկիրը կղեկավարի մինչեւ 2020 թվականը: