Քարոզարշավը շատ լավ է անցնում եւ որեւէ խոչընդոտ չի եղել: Այս մասին, այսօր` ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը: Նրա խոսքով՝ թեեւ իրենց չեն խոչընդոտել, բայց լսել է, որ մյուս թեկնածուներին խոչընդոտել են, ինչը դատապարտելի է:
Նա նաեւ համոզված է, որ ՕԵԿ-ը հաղթելու է, իսկ քաղաքապետ է դառնալու ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը, ինչի համար ինքն ամեն ինչ անելու է: «Այս առումով Երեւանը հաղթելու է եւ ունենալու է արտակարգ քաղաքապետ»,- ավելացրեց Հովհաննես Շահինյանը: Նա նշեց, որ ներկա պահին արվում է այնքան ինչքան կարող են, բայց իրենք կարող են ավելին:
Իսկ, եթե Արմեն Երիցյանը չընտրվի, քաղաքապետարանում ոչ մի պաշտոն չի զբաղեցնի: Հարցին, թե իրենց ծրագիրն ինչո՞վ է տարբերվում մյուս կուսակցությունների ծրագրերից, նա պատասխանեց, որ այստեղ կարեւորը ծրագրերը կյանքի կոչելն է: «Մինչեւ անցյալ տարի Գավառի քաղաքապետը ԲՀԿ-ական էր եւ, եթե առիթ եք ունեցել մեքենայով գնալ եւ ամորտիզատորները չեն կոտրվել, դա պատահականություն է»,- ավելացրեց Հովհաննես Շահինյանը:




























