Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Իսկ Սպիտակի բժշկական կենտրոն տեղափոխված 24-ամյա Յուրիկ Հովհաննիսյանի վիճակը բավարար է եւ նա այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին մեր թղթակցին հայտնեցին բժշկական կենտրոնից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում (ֆոտոռեպորտաժ):
Ժամը 02:00-ի սահմաններում, Opel մակնիշի 35 ԼՏ 860 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ժայռաբեկորներին, եւ մի քանի պտույտ գլորվելով, մոտ 30 մետր առաջ է գնացել:
Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող Վանաձոր քաղաքի բնակիչներ 25- ամյա Աղասի Սարգսյանը, եւ 24-ամյա Սուրեն Ղալայանը տեղում մահացել են, իսկ 24- ամյա Յուրիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Վթարի հետեւանքով երկու մարդ դուրս էին շպրտվել ավտոմեքենայից, ինչպես նաեւ կոտրվել էին անվահեծերն ու ավտոմեքենայից պոկվել եւ շպրտվել էր գազի բալոնը:
Դեպքի վայրում աշխատել են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Տեղում են եղել նաեւ, ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ քննչական խումբը եւ ՀՀ ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցներն ու Սպիտակի թիվ 42 հրշեջ ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով:




























