Պետք է թույլ չտալ, որ Վահագն Խաչատրյանը նորից պաշտոնավարի, դա շատ վտանգավոր է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսում նշեց Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը:
«Նրա պաշտոնավարման օրոք տասնյակ հազարավոր ավտոտնակներով կառուցապատվեցին մեր մայրաքաղաքի բակերը: Այդ տարիներին եղել եմ Արաբկիրի շրջանային խորհրդի պատգամավոր: Մեր երխաներին մեր բակերում խաղալու իրավունքից, մեր տարեցներին զրկեցինք բակերում նստել հանգստանալու հնարավորությունից: Նույնն այսօր կատարվում է մեր այգիներում եւ պուրակներում: Օրինակ, Հակոբյան փողոցի սկզբնամասի փոքրիկ այգի-պուրակը»,- ասաց Հովհաննես Շահինյանը՝ հավելելով, որ հենց այդ տարիներին դրվեց վատ կառավարման հիմքը:
«Այդ տարիներին հիմք դրվեց, որ մեր անկախ պետությունը վերածվի ընտրախախտումների, ընտրակեղծարարների մի հսկայական մեխանիզմի: Այն ինչի համար ունեցանք հազարավոր զոհեր, 1995-96-ին կորցրեցինք եւ վերածվեցինք բանանային պետության: Վերածվեցինք լակոտ-լուկուտների, թաղային հեղինակությունների, ընտրական տեղամասերում խախտումներ անողների, հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց ծեծող ջարդողների ինստիտուտի: Չպետք է թույլ տալ, որ նրանք նորից մոտենան պետության կառավարմանը»,- ասաց Հովհաննես Շաահինյանը՝ ընդգծելով, որ այդ մարդիկ ապացուցել են, որ իրենք ոչ թե համակարգ կայացնող են, այլ համակարգ քանդող:
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի ունեցվածքին, ՕԵԿ-ական թեկնածուն նշեց, որ դատախազությունը կուսումնասիրի եւ իր խոսքը կասի: Նա առաջարկեց սկսել բյուջեից, քանի որ «եթե չունենք բյուջե, բոլոր խոստումները դատարկ են լինելու»:
«Վատն է լինելու այն քաղաքագլուխը, ով առաջիկա տարիներին գոնե չեռապատկի բյուջեն»,- կարծիք հայտնեց Շահինյանը՝ խորհուրդ տալով, որ հավաքագրումները օբյեկտիվ կատարեն եւ քաղաքի վրա ծախսեն:
Նա հիշեցրեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ինքը ԱԼՄ-ով եթեր է վերցրել եւ հաշվետվություն տվել կատարվելիք աշխատանքների մասին: Նա նաեւ հարց ուղղեց. «Լսե՞լ եք, որ ես որեւէ մեկին կաշառք տամ, հեռախոս տամ, մուրաբա տամ: Եթե ունեք փաստեր ես ինքնաբացարկ կտամ»:
Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ հենց ՕԵԿ-ն է մուրաբա ու հեռախոս բաժանել:




























