ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, այսօր՝ արիլի 30-ին, ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում, ավելի քան 30 ուսանողներ բարելավել են ՄԱԿ-ի արժեքների, միջուկային զենքի վերացման կարեւորության վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպես նաեւ բանակցային եւ հաղորդակցության հմտությունները: Այս Խորհրդաժողովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ձեւաչափով էր՝ նվիրված Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների խնդրին:
Ուսանողները խաղացել են դիվանագետների դերեր, ներկայացրել իրենց համապատասխան երկրների՝ ԱԽ անդամ-պետությունների դիրքորոշումները, քննարկել եւ համաձայնել ԱԽ բանաձեւի շուրջ: Նախքան համաժողովն անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների եւ կառուցվածքի, ինչպես նաեւ ընթացակարգի մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար:
ՄԱԿ-ի ՀՏՎ աշխատակիցները, ՄԱԿ-ի Մոդել Խորհրդաժողովի մեծ փորձ ունեցող ՄԱԿ ՀՏՎ նախկին կամավորները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի դասընթացավարը նախապատրաստման ամբողջ շրջանում ուղղորդել են մասնակիցներին, իսկ երկու ականավոր դիվանագետներ դասախոսություններ են կարդացել դերախաղում նմանակվող հարցի շուրջ:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն խորհրդաժողովի բացմանը նշել է. «Դուք ավելին սովորեցիք ՄԱԿ-ի եւ ԱԽ առաջատար դերի մասին՝ միջուկային զենքի տարածումը կանխելու գործում: Ուսանողները սովորեցին, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն է՝ պատրաստել իրենց համապատասխան երկրի դիրքորոշումը, պատշաճ կերպով հնչեցնել այն, բանակցել եւ ընդհանուր եզրեր գտնել այլ երկրների հետ՝ հաշվի առնելով հնարավոր հետեւանքները ոչ միայն իրենց երկրի եւ տարածաշրջանի, այլ ամբողջ մոլորակի համար: Բանակցելու, համաձայնության գալու եւ հակառակ կողմի կարծիքին հանդուրժողաբար վերաբերվելու կարողությունն օգտակար է ձեր հետագա մասնագիտական առաջընթացի համար եւ ձեզ կօգնի դառնալ ձեր համայնքների առավել ակտիվ անդամներ»:
Ամբողջ օրվա ընթացքում ուսանողներն ակտիվորեն քննարկել են օրակարգային խնդիրը եւ որպես արդյունք կազմել են բանաձեւի մի նախագիծ, ինչն էլ հաջողությամբ ընդունվել է օրվա ավարտին:
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) համատեղ ջանքերով:




























