Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսային բանակցությունների ընթացքում «գործնական համաձայնության են եկել հատուկ ծառայությունների գծով ակտիվ կապերի վերաբերյալ»։ Հեռախոսային զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Այս թեման յուրահատուկ արդիականություն է ստացել Բոսթոնի ահաբեկչության լույսի ներքո։ Գործնականում այդ համագործակցությունը, մասնավորապես, պետք է արտահայտվի Սոչիի գալիք Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու շուրջ համատեղ աշխատանքում։

Դրանից բացի, Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները քննարկել են Սիրիայի իրավիճակը, ինչպես նաեւ Հակահրթիռային պաշտպանության խնդիրը։ Հաղորդվում է, որ նրանք զրուցել են Բարաք Օբամայի՝ Պուտինին ուղղված նամակի շուրջ, որն ապրիլի 15-ին հասցեատիրոջն է փոխանցել Սպիտակ տան պատվիրակ Թոմ Դոնիլը։ Դրանում, ինչպես պատմել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Հակահրթիռային պաշտպանության թեման առանցքայիններից է եղել։ Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Վաշինգթոն կհասցնի Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացի նախագահի նամակի պատասխանը, գրում է «Կոմերսանտը»։

Երկու պետությունների առաջնորդներն անձամբ, ինչպես սպասվում է, կհանդիպեն երկու անգամ. հունիսի կեսերին՝ «ութնյակի» երկրների գագաթաժողովին եւ Սանկտ Պետերբուրգում կայանալիք «քսանյակի» գագաթաժողովից առաջ։