Վեց մարդ խոստովանել է Արեւմտյան Յորքշիրում անցյալ տարի «Պաշտպանության անգլիական լիգա» ծայրահեղ աջ շարժման ցույցի ժամանակ ահաբեկչություն ծրագրելու մասին:

Օմար Մոհամեդ Խանը, Մոհամեդ Հասինը, Անզալ Հուսեինը, Մոհամեդ Սաուդը, Զոիդ Ահմեդը եւ Ջուլ Ուդինը լոնդոնյան Վուլիչե շրջանի Թագավորական դատարանի նիստի ժամանակ խոստովանել են, որ անցյալ տարվա մայիսի 1-ի եւ հուլիսի 4-ի միջեւ ընկած ժամանակահատվածում ծրագրել էին ահաբեկչություն կատարել։

Դավադրությունը բացահայտվել է «Պաշտպանության անգլիական լիգայի» երթին Արեւմտյան Յորքշիրի Դյուսբերի քաղաք գնացող խմբի՝ ոստիկանների հերթական ստուգման ժամանակ։ Ոչ անվտանգության, ոչ հետախուզական ծառայությունները ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկության չեն տիրապետել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ահաբեկչական ծրագիրը խափանվել էր, քանի որ ցույցը ծրագրվածից շուտ էր ավարտվել, հաղորդել են դատարանի ներկայացուցիչները։

«Պաշտպանության անգլիական լիգան» ծայրահեղ աջ շարժում է, որի մասնակիցները դեմ են Մեծ Բրիտանիայում իսլամի, շարիաթի օրենքների ու իսլամական ծայրահեղականության տարածմանը։