Խորհրդաժողովը նվիրված էր ազգամիջյան եւ միջկրոնական համաձայնությանը, հարց, որ շատ բարդ է բոլոր երկրների, հատկապես Ղազախստանի համար, որտեղ 130 ազգությունների ներկայացուցիչներ են բնակվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը` անդրադառնալով «Ազգամիջյան եւ միջկրոնական համաձայնությունը որպես Ղազախստանի եւ Հայաստանի դինամիկ զարգացման երաշխիք եւ խաղաղության հաստատումը Եվրասիական տարածքում» խորհրդաժողովի հիմնական թեմաներին:
«Անկախության ամենասկզբից նախագահի կողմից առաջարկվեց ստեղծել Ղազախստանի Ժողովուրդների ասամբլեա, որտեղ կորոշվեին էթնիկ համայնքների հետ կապված բոլոր հարցերը: Ասամբլեան սահմանադրական իրավունք ունի խորհրդարան 9 պատգամավոր ներկայացնելու, որոնք զբաղվում են ազգամիջյան հողի վրա ծագած խնդիրներով»,- ասել է դեսպանը` հավելելով, որ այդ կառույցի կազմում են բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներ:
Նշենք, որ ապրիլի 30-ին Երեւանում կայացել է «Ազգամիջյան եւ միջկրոնական համաձայնությունը որպես Ղազախստանի եւ Հայաստանի դինամիկ զարգացման երաշխիք եւ խաղաղության հաստատումը Եվրասիական տարածքում» խորհրդաժողովը:




























