Այսօր՝ ապրիլի 30-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ-ն ընդունել է ԷԿԼՕՖ միջազգայինի գլխավոր տնօրեն Փաթ Գլիսոնին` Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանի եւ հիմնադրամի գլխավոր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Ողջունելով ԷԿԼՕՖ-ի գլխավոր տնօրենի այցը Մայր Աթոռ` Գարեգին Բ-ն գոհունակություն է հայտնել Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի գործունեության եւ ԷԿԼՕՖ միջազգայինի կողմից վերջինիս ցուցաբերվող աջակցության համար: Անդրադառնալով Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին` Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ հիմնադրամն իր գյուղատնտեսական ու կրթական ծրագրերով հնարավորություն է ընձեռում անհատների եւ համայնքների` հաղթահարելու իրենց առջեւ ծառացած զանազան խնդիրներ: Նա նաեւ նշել է, որ հիմնադրամը բարենպաստ ներդրում ունի միջեկեղեցական հարաբերություններում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին:

Վերջում Գարեգին Բ-ն հաջողություններ է մաղթել տիար Գլիսոնին Հայսատանյան ԷԿԼՕՖ-ի ղեկավարության հետ ԷԿԼՕՖ ունիվերսալ վարկային կազմակերպության նոր ռազմավարության մշակման գործում: