Ապրիլի 30-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի պատգամավորների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի:
Հանդիպմանը Գարեգին Բ-ն կարեւորել է նման այցելությունները, որոնք նպաստում են ԵԽ-Հայաստան կապերի ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել պատգամավորներին այն ջանքերի համար, որ ներդրվում են Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին:
Գարեգին Բ-ն նաեւ պատասխանել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին Հայ Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների հետ, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգեւոր առաջնորդների ջանքերին եւ հասարակության կյանքում կրոնի եւ հոգեւոր արժեքների դերակատարությանը:




























