Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Նա իր ուղերձում ասում է.
«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 21 տարիների ընթացքում Չինաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները նորանոր արդյունքների են հանգեցրել: Մեր երկրների միջեւ կայուն կերպով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, աստիճանաբար ընդլայնվում է բիզնես համագործակցությունը, ակտիվանում են հումանիտար կապերը, սերտորեն համագործակցություն է ընթանում ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրների միջեւ բարեկամական համագործակցության զարգացումը բխում է թե´ մեր երկրների եւ թե´ մեր ժողովուրդների կենսական շահերից: Ես բարձր եմ գնահատում Ձեր կաեւոր ներդրումը եւ մշտական ուշադրությունը Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման նկատմամբ: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ միասին ամեն ջանք գործադրել՝ բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք, Ձեր երկրին՝ բարգավաճում եւ հզորություն, իսկ ժողովրդին՝ բարօրություն եւ երջանկություն»:



























