Փեշավար քաղաքի դատարանը ապրիլի 30-ին արգելել է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին առաջադրվել օրենսդիր մարմիններում ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով:

Որոշումը կայացվել է Մուշարաֆի բողոքի քննության ժամանակ: Դատավորները որոշել են, թե քանի որ նախկին նախագահը 2007թ. երկու անգամ խախտել է Սահմանադրությունը` արտակարգ դրություն մտցնելով եւ ձերբակալելով Գերագույն դատարանի դատավորներին, իրավունք չունի առաջադրվելու:

Փերվեզ Մուշարաֆը Պակիստանում իշխանության էր եկել 1999թ. զինվորական հեղաշրջման արդյունքում, իսկ 2008թ. ընդդիմության ճնշման տակ լքել էր պաշտոնը: Ներկայումս նա որպես մեղադրյալ անցնում է երեք գործերով` արտակարգ դրություն մտցնելու, նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանության եւ Բելուջիստան նահանգի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի սպանության գործերով: