Երբ ՄԻԵԴ-ը Ուկրաինայի նախկին վարչապետի կալանքն ապօրինի է որակել, Եվրախորհրդարանը դա բավարար հիմք է համարել Տիմոշենկոյի անհապաղ ազատման համար:

«ՄԻԵԴ վճիռը հաստատում է, որ Տիմոշենկոյի դատավարությունը եղել է քաղաքական դրդապատճառներով: Տիմոշենկոն պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասել է Երախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, հաղորդում է NEWSru.com-ը:

Նախկին վարչապետի դուստրը` Եվգենյա Տիմոշենկոն ՄԻԵԴ վճիռը եւս բավարար հիմք է համարում` մոր անհապաղ ազատ արձակման համար:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կալանքն ու ազատազրկումը ապօրինի եւ քաղաքական է որակել:

«Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, թե Ստրասբուրգի դատարանը տվյալ գործով միաձայն որոշում է կայացրել: Բողոքը, որ քննարկել է ՄԻԵԴ-ը, վերաբերում է «գազի գործով» 2011թ. նրա կալանավորմանը, արդյունքում նախկին վարչապետը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: