Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժեիին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ողջունելով Իրանի գլխավոր դատախազին մեր երկրում, Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հայ-իրանական հարաբերություններին նոր որակ կհաղորդի Իրանի գլխավոր դատախազի այցի ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ այսօր ստորագրված հուշագիրը՝ խթանելով դատաիրավական ոլորտում երկու պետությունների արդյունավետ համագործակցությունն ու գործնական հարաբերությունները:

Հանրապետության նախագահը նշել է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու Հայաստանի եւ Իրանի իշխանությունների վճռականության մասին եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է բարեկամ Իրանի հետ համագործակցության հետագա խորացումը ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, այլ նաեւ դատաիրավական ոլորտում: