Ապրիլի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բրազիլիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը եւ հենց այդ նպատակն էր հետապնդում Բրազիլիայում ՀՀ դեսպանության հիմնումը: Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերն էլ ավելի կնպաստեն Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը, առեւտրաշրջանառության ավելացմանը, մշակութային փոխանակումների եւ այլ ուղղություններով հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նիկոդեմոսը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանացել է իր հնարավորությունների չափով նպաստել երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը հավելել է, որ Հայաստանից մեկնում է ամենալավ տպավորություններով:
Հայաստանում դեսպան Նիկոդեմոսի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան է հանձնել ԱԳՆ հուշամեդալ:




























