Գուանտանամոյի բանտը, որտեղ պահվում են ահաբեկչության մեջ կասկածվողները, պետք է փակվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Երբ ես ընտրվեցի 2008 թվականին, ես ասացի, որ պետք է փակել Գուանտանամոն: Ես հիմա էլ այդպես եմ կարծում... Գուանտանամոյի բանտը անհրաժեշտ չէ ԱՄՆ-ի անվտանգության համար եւ թանկ է նստում: Այն պետք է փակել»,-լրագրողներին ասել է Օբաման:

Մինչ օրս Գուանտանամոյի բանտը չի հաջողվել փակել Կոնգրեսի դիրքորոշման պատճառով:

Հիշեցնենք, որ 2008-ին դեռեւես նախագահի թեկնածու Օբաման խոստացել էր 2010 թվականին փակել այդ բանտը, սակայն 2011-ի մարտին Օբաման վերսկսեց ռազմական դատերը այդ բանտում պահվող, ահաբեկչությունների մեջ կասկածվողների նկատմամբ:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների, ներկայումս Գուանտանամոյի բանտում հացադուլ հայտարարած բանտարկյալների թիվն անցնում է 100-ից: Այդ բանտում կա 166 բանտարկյալ: