ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը եւ եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Եվրադատարանի որոշման հետ կապված կոչ են արել Ուկրաինային մանրամասն վերանայել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակը:

Եվրոպացի քաղաքական գործիչների համատեղ հայտարարությունում նշվում է, որ Տիմոշենկոյի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ընդդեմ Ուկրաինայի «հաստատեց ԵՄ կողմից հետեւողականորեն ներկայացվող անհանգստությունը՝ Յուլյա Տիմոշենկոյի դեմ կամայական դատաքննության հետ կապված»:

ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են նաեւ Ուկրաինայի կողմից ՄԻԵԴ-ի վճռի կատարմանը վերաբերյալ հստակ հայտարարության անհրաժեշտությունը, հաղորդում է «Կորեսպոնդենտ.նետ»-ը:

Էշթոնն ու Ֆյուլեն նշել են, որ Ուկրաինան պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի «համակարգային ընթացակարգային թերությունների վերացման ուղղությամբ, որոնց մասին նշված է եվրադատարանի վճռում, որպեսզի թույլ չտա կամայական որոշումների կրկնություն»:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անօրինական եւ քաղաքական շարժառիթներով ընդունված է ճանաչել Յուլյա Տիմոշենկոյի կալանավորման որոշումը: