Մեքսիկական ոստիկանները ձերբակալել են ամենախոշոր թմրաբարոններից մեկի` «Սինալոա» կարտելի պարագլուխ Խոակին Գուսմանի աներոջը: 45-ամյա Ինես Կորոնել Բարերասը ձերբակալվել է Արիզոնայի հետ սահմանակից Սոնորա նահանգի Ագուա-Պրիետա քաղաքում: Հանցագործի, նրա որդու ու եւս երեք տղամարդկանց ձերբակալությունը տեղի է ունեցել առանց որեւէ կրակոցի:

Տանը, որտեղ ձերբակալել են Բարերասին, ոստիկանները գտել են չորս ինքնաձիգ, ատրճանակ եւ 250 կգ մարիխուանա:

Բարերասը Գուսմանի երրորդ կնոջ հայրն է: Ըստ իշխանությունների, նա կարեւոր դեր է խաղում կարտելում` անմիջականորեն վերահսկելով Մեքսիկայից Արիզոնա մարիխուանայի տեղափոխումը, հաղորդում է Lenta.ru-ն:

«Գաճաճ» («El Chapo») մականունով Խոակին Գուսմանը աշխարհի ամենահետախուզվող թմրավաճառն է: «Սինալոա» կարտելը, որ նա գլխավորում է 90-ականների սկզբից, վերահսկում է Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութի երրորդ մասի առաքումները: Գուսմանը 2001թ.-ից թաքնվում է արդարադատությունից, երբ փախել էր հատուկ պահպանվող բանտից: