ԱՄՆ-ի իշխանությունները Կուբայի Պետական խորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի դստերը՝ Մարիելեյին, թույլ են տվել այցելել ԱՄՆ` իրավապաշտպան կազմակերպության մրցանակն ստանալու եւ Կուբայում նույնասեռականների կարգավիճակի մասին ելույթով հանդես գալու համար:

Մարիելա Կաստրոն համարվում է Կուբայի Սեռական կրթության ազգային կենտրոնի տնօրենը: Նա պլանավորում է մայիսի 4-ին ելույթ ունենալ Ֆիլադելֆիայի արվեստների համալսարանի ակադեմիական կոնֆերանսում: Բացի այդ, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝ Equality Forum-ը, մտադիր է նրան մրցանակ հանձնել «գեյերի եւ լեզբուհիների իրավունքների ակտիվ պաշտպանության համար», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ իշխանությունները մերժել են Կաստրոյին վիզա տրամադրել: Ավելի ուշ իսպանական «Մունդո» թերթը գրել էր, որ Կաստրոն ԱՄՆ կմեկնի դիվանագիտական անձնագրով, բայց կկարողանա տեղաշարժվել միայն Նյու-Յորքի սահմաններում: Ապրիլի 30-ին ԱՄՆ-ի իշխանություններն, այնուամենայնիվ, թույլատրել են Կաստրոյին ներկայանալ Ֆիլադելֆիայում կայանալիք կոնֆերանսին: