Հունաստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է տեղի ունենում՝ ընդդեմ կառավարության կողմից մտցված տնտեսման խիստ միջոցների: 24 ժամ չեն աշխատի հիվանդանոցներն ու հասարակական տրանսպորտը:

Գործադուլի կազմակերպիչները կառավարությունից պահանջում են դադարեցնել ծախսերի կրճատումն ու հարկերի ավելացումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գործադուլի արդյունքում ամբողջությամբ կաթվածահար է եղել հաղորդակցությունը երկրի մայրցամաքային մասի եւ կղզիների միջեւ: Սալոնիկում դադարեցվել է օդանավակայան մեկնող ավտոբուսների աշխատանքը, նաեւ հնարավոր չէ գնացքով հասնել Աթենքի օդանավակայան, գրում է Gazeta.ru-ն:

Հունաստանի իշխանությունները պնդում են, որ խիստ տնտեսականա քաղաքականությունը անհրաժեշտ է, որպեսզի երկրի տնտեսությունը կարողանա դուրս գալ խորը ֆինանսական ճգնաժամից: Այդ քաղաքականությունը ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից ֆինանսական օգնություն ստանալու պայմանն է: