Ուկրաինայի արդարադատության նախարար Ալեքսանդր Լավրինովիչը հայտարարել է, որ Ուկրաինան չի բողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որի համաձայն նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի՝ գազի պայմանագրերի գործով կալանավորումն անօրինական է ճանաչվել։

«Միակ կետը, որով Ուկրաինայի պետությունը խախտող է ճանաչվել, Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածն է եւ այն արդեն ուղղված է Քրեական դատավարության նոր օրենսգրքի գործողության մեջ մտնելուց հետո», - Լավրինովիչի խոսքերը փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կալանավորման որոշումը, իսկ նրան կալանքի տակ պահելը՝ քաղաքականապես մոտիվացված։

Յուլյա Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոյի խոսքով՝ Ուկրաինան այժմ պետք է իրագործի ՄԻԵԴ որոշումը եւ ազատի Տիմոշենկոյին։ Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Օլիյնիկն, իր հերթին, հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի որոշումը սպասելի էր եւ ոչ մի կերպ չի անդրադառնա Տիմոշենկոյի հետագա ճակատագրի վրա։