Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամը, մայիսի 2-ին կանգնել է Լիբիայի դատարանի առջեւ, սակայն նիստը տեւել է մոտ 15 րոպե:
Դատավորը վճռել է դատաքննությունը հետաձգել սեպտեմբերի 19-ին, հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը: Դատավորն իր վճիռը բացատրել է նրանով, որ ալ-Իսլամի փաստաբանին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ` գործն ուսումնասիրելու համար:
Սեյֆ ալ-Իսլամը Լիբիայում մեղադրվում է պետական անվտանգությանը վտանգելու, բանտից փախուստի փորձ անելու եւ ազգային դրոշն անարգելու մեջ: Միաժամանակ` Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Քադաֆիին մեղադրում է մարդասպանության եւ մարդու իրավունքները խախտելու մեջ: 2011 թվականի հունիսին ՄՔԴ-ն պատվիրել է ձերբակալել նրան: Բայց Լիբիայի իշխանությունները հրաժարվել են նրան ներկայացնել Հաագա:




























