Բրեստի մի քանի բնակիչներ խաղատունը թալանելու հիանալի միջոց են գտել: Դրա համար նրանք օգտագործել են կոնտակտային լինզաներ եւ նիշակիր խաղաքարտեր:

Ինչպես հայտնել է Բելառուսի ՆԳՆ-ն, Բրեստի խաղատներից մեկի ադմինիստրատորը քաղաքի երկու այլ գործազուրկ քաղաքացիների հետ նախնական պայմանավորվածության համաձայն տիրել են խաղատանը պատկանող ավելի քան 150 միլիոն ռուբլուն (17,5 հազար դոլար):

Կասկածյալները համացանցի միջոցով ձեռք են բերել չինական հատուկ կոնտակտային լինզաներ եւ խաղաքարտեր: Ինչպես հայտնել են ոստիկանները, խաղաքարտերը պիտակավորված են եղել եւ լույս են արձակել ուլտրամանուշակագույն դիապազոնում, իսկ կոնտակտային լինզաները թույլ են տվել տեսնել խաղաքարտերի  թաքնված նկարները: Խաղի մի պահի խաղատան ադմինիստրատորը խաղի մեջ է մտցրել նիշակիր խաղաքարտերը, իսկ հետո նրան են միացել նաեւ ընկերները: Միայն մի խաղի ընթացքում խաբեբաները կարողացել են հաղթել 800-ից 2 հազար դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեք կասկածյալները ձերբակալվել են, իսկ չորրորդն ազատ է արձակվել` քաղաքից չբացակայելու պայմանով: Նրանց սպառնում է 3-10 տարվա ազատազրկում՝ գույքի ամբողջական բռնագրավմամբ: