«Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում իրականացվող Ազատ Շիշյանի անվան Գյումրիի «Օկտետ» N 6 երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Ս.թ. սեպտեմբերին կկայանա դպրոցի բացումը, որին կմասնակցի նաեւ լեգենդար Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանը:

2009-2012թ. ընթացքում դպրոցի վերակառուցման նպատակով հավաքագրվել է 110 հազ. դոլար: 2012թ. Մարդիքյան ընտանիքի հիմնադրամը եռապատկել է հավաքված գումարը: Գյումրիի N 6 երաժշտական դպրոցին երաժշտական գործիքներ է տրամադրելու Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը (ընդհանուր արժեքը` 21,2 հազ. դոլար):

Դպրոցի վերակառուցմանը (բակի եւ հարակից տարածքի բարեկարգում) պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը մայիսի 2-ին որոշեց ՀՀ մշակույթի նախարարության միջոցով Հայ օգնության ֆոնդին 2013 թ. առաջին կիսամյակում որպես նվիրաբերություն տրամադրել 10 մլն դրամ: