Բելգրադից ստացվել են երկու ուղեւորատար գնացքների բախման վերաբերյալ մանրամասներ: Փրկարարներին հաջողվել է գնացքի վնասված վագոնից դուրս հանել վիրավոր ուղեւորներին:
Համաձայն տեղի ոստիկանության ներկայացուցիչների ճշտած տվյալների` պատահարի հետեւանքով տուժել են 18 ուղեւոր, այդ թվում եւ մի երեխա: Բժիշկները նշել են, որ վիրավորները մեծամասնությամբ թեթեւ վնասվածքներ են ստացել` գլխի հատվածում վնասվածքներ, կոտրվածքներ, քերծվածքներ, հաղորդում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 2-ին, տեղի ժամանակով ժամը 13:30-ին «Թոշին բունար» թունելում երկու գնացք իրար են բախվել: Ինչպես պարզվել է, բախման պատճառն այն է եղել, որ գնացքներից մեկն անսարքության պատճառով ստիպված կանգնել է թունելում: Այնտեղ եւ նրան է բախվել մյուս գնացքը:



























