Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը երկրի Գերագույն դատարանում բողոքարկել է ընտրություններում Ուգո Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը:
Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ ընտրողների ցուցակներում ընդգրկվել են շուրջ 200 հազար մահացածների անուններ: Բացի այդ, իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառել եւ օգտագործել պետական լրատվամիջոցները, որպեսզի ապահովեն Մադուրոյի հաղթանակը: Ընդհանուր առմամբ, ապրիլի 14-ին կայացած ընտրություններում Մադուրոյի հակառակորդները մի քանի հազար խախտում են արձանագրել, գրում է Reuters-ը:
Կապրիլեսը հրաժարվել է ընդունել քվեարկության արդյունքները, որոնց համաձայն ինքը հավաքել է 48,9 տոկոս ձայն, իսկ Մադուրոն՝ 50,8 տոկոս: Նա կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Բողոքի ակցիաների ժամանակ մահացել է 7, վիրավորվել մոտ 60 մարդ:
Անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել է ընդդիմության 135 կողմնակից:




























