Լոնդոնում, ապրիլի 23-ին, կայացել է հանրահայտ «Դիպլոմատ» ամսագրի «Տարվա դիվանագետ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ավելի քան 150 երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաեւ  բրիտանական արտաքին գերատեսչության ու գործարար համայնքի ներկայացուցիչներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տարվա դիվանագետ-2013» մրցանակը ներկայացվել է 10 անվանակարգում: Մրցանակաբաշխությունը վարել է հայտնի բրիտանացի դիվանագետ, նախկին դեսպան սըր Քրիսթոֆեր Մեյերը:

Եվրասիա տարածաշրջանի համար նախատեսված մրցանակը, իր գործընկեր դեսպանների միաձայն քվեարկության արդյունքում, հետմահու շնորհվել է ՄԹ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանին՝ բացառիկ ձեռքբերումների ու իր երկրի շահերն արդյունավետ կերպով ՄԹ-ում ներկայացնելու համար:

Մրցանակն ընդունել է ՄԹ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը: