Գուանտանամոյում հացադուլ հայտարարած բանտարկյալներին, հնարավոր է սկսեն հարկադրաբար կերակրել: Այդպիսի որոշում է կայացրել բանտի վարչակազմը: Վարչակազմի ներկայացուցիչ փոխգնդապետ Սեմյուել Հաուսը բանտարկյալներին հարկադրաբար կերակրելու որոշումը բացատրել է բանտարկյալների նկատմամբ հումանիստական վերաբերմունք ցուցաբերելու պարտավորությամբ, որը չի ենթադրում սովից մահանալ:

ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայն այլ կարծիքի է: Նա նշել է, որ հարկադրաբար կերակրումն անօրինական է, գրում է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ Գուանտանամոյում բանտարկյալների հացադուլն սկսվել է փետրվարին` ի նշան  բանտի աշխատակիցների կողմից անձնական իրերի բռնագրավման եւ Ղուրանի օրինակներն անարգելու դեմ բողոքի: Սկզբում հացադուլին մասնակցել է 43 մարդ: Ներկա պահին բանտում գտնվող 166 հոգուց 100-ը հացադուլի մեջ են:

Դժբախտ հետեւանքներից զերծ մնալու համար 23 բանտարկյալների կերակրել են քթի մեջ մտնող հատուկ խողովակների միջոցով: