Մամուլի ազատության օրը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 39 երկրների ղեկավարների, քաղաքական եւ կրոնական գործիչների ներառող «Մամուլի գիշատիչները» ավանդական ցուցակը, որտեղ այս տարի ներառվել  են Ադրբեջանի երկու ներկայացուցիչներ` երկրի ղեկավար Իլհամ Ալիեւը եւ Նախիջեւանից նրա հավատարիմ դաշնակից Վասիֆ Թալիբովը:

Ըստ ԼԱՍ-ի, ցուցակում նշված անձինք մասնակից են  լրագրողների եւ մամուլի այլ աշխատակիցների սպանությունների, առեւանգումների, հետապնդումների, կտտանքների: Բոլոր «գիշատիչների» ընդհանուր գիծ է համարվում նրանց` իրենց մասին ունեցած այն կարծիքը, որ իրենք վեր են օրենքից:

«Մամուլի գիշատիչները գնալով ավելի են ակտիվանում: Այսպես, 2012թ մամուլի նկատմամբ բռնության մակարդակն աշխարհում հասել է աննախադեպ մակարդակի, սպանվել է լրագրողների ռեկորդային քանակություն»,-ընդգծել է ԼԱՍ գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելորը:

Ինչպես նշվում է ԼԱՍ հաղորդագրությունում, այս տարի կազմակերպությունը յուրաքանչյուր «գիշատչի» անունից հրապարակել է յուրօրինակ էսսե, որտեղ նշվում է նրանց «քաջագործությունների» մասին: Քաղաքական սատիրայի այս մեթոդը թույլ է տալիս ավելի լավ բացահայտել մամուլը ճնշողներից յուրաքանչյուրի բնավորությունը եւ բացատրել բոլորին, թե ինչու է այս կամ այն առաջնորդը ճանաչվում «մամուլի գիշատիչ»:

39 անձանց թվում են նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմեստանի առաջնորդներ Նուրսուլթան Նազարբաեւը, Իսլամ Քարիմովը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ցուցակում ներառվել են նաեւ Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին: Ցուցակը եզրափակում է Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն: