Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեքում անհայտ անձինք պատերին թռուցիկներ են փակցրել՝ ի պաշտպանություն Բոսթոնի ահաբեկչության կատարման մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւի: Նրանք կոչ են արել մարդկանց աղոթել Ցարնաեւի համար: Երկրի հատուկ ծառայությունները փորձում են պարզել այդ ակցիայի կազմակերպիչներին:

Սոցիալական ցանցերի օգտատերերը հայտնում են, որ Բիշքեքի կենտրոնում, այդ թվում գետնանցումներում, սեւ-սպիտակ թռուցիկներ են հայտնվել՝ Ցարնաեւ կրտսերի նկարով եւ հետեւյալ գրությամբ. «Ջոհար Ցարնաեւն անմեղ է»: Տեքստում նշվում է Ցարնաեւի դեմ ներկայացված մեղադրանքի անհիմն լինելու մասին, ինչպես նաեւ կոչ է արվում օգնել նրան:

Միաժամանակ, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնական փողոցներում թռուցիկներ են հայտնվել, որոնք եւս կոչ են անում օգնության ձեռք մեկնել Ջոհար Ցարնաեւին:

Թռուցիկի վրա պատկերված է Ցարնաեւն ու իր մայրը, իսկ տակը խոշոր տառերով գրված է. «Անմեղ է»: Թռուցիկը կոչ է անում ֆինանսապես օգնել նրանց:

Թռուցիկում նշված է QIWI-դրամապանակի հաշիվը՝ գումար փոխանցելու համար, ինչպես նաեւ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի էջը, որտեղ նշված է, որ դա «Ցարնաեւների պաշտոնական խումբն» է: