Այս տարի սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի իրականացման հինգերորդ տարին է, հոբելյանական է եւ ավելի լավ պետք է նախապատրաստվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, սփյուռքի նախարարի կից ատյանի նիստում նշել է նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը»

Զեկուցողը մանրամասնորեն ներկայացրել է «Արի տուն»  ծրագրի մեկնարկի, 8 փուլերի ժամկետների ու աշխարհագրության վրա, նշել, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցում են 10-ից ավելի նախարարություն, 7 մարզպետարան, 20 կրթամշակութային հաստատություն: Ֆ. Զաքարյանը հավելել է, որ այս տարի առաջին անգամ շրջայցի եւ ճամբարային բոլոր օրերին ծրագրի մասնակիցների համար կկազմակերպվի հայոց լեզվի տարբերակված ուսուցում խմբերով` ըստ լեզվի իմացության մակարդակների:

Այս տարի «Արի տուն» ծրագրով սպասվում է մոտ 1000 երեխայի այցելություն Հայաստան:

Զեկուցողը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաեւ սիրիահայ երեխաների հանգիստը կազմակերպելու ուղղությամբ: Սիրիայից ժամանած եւ Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաները կհանգստանան Լոռիում: 100 սիրիահայ կհանգստանա Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում, մոտ 80 երեխա էլ կմիանա արիտունցիներին`Աղավնաձորում:

«Կարեւոր է, որ երեխաները Հայաստանից հեռանան մեծ խանդավառությամբ ու ոգեւորությամբ». Ասել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ «Արի տուն» ծրագիրը նախարարության լավագույն, առավել կայացած ծրագրերից է եւ այն պետք է մշտապես զարգացնել: