Չադի իշխանությունները ձերբակալել են դավադիրներին, որոնք կասկածվում են հեղաշրջման ծրագրման եւ իշխանության զավթման մեջ:

Կենտրոնական Աֆրիկայում գտնվող երկրի պետական դատախազ Մահամաթ Սալեհ Յունուսը մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ձերբակալվել են երկու գեներալներ` Վեյդինգ Ասսի Ասսուն` նահանգներից մեկի նահանգապետը, եւ ռազմական տրիբունալի ղեկավար Դեմիդ Գոմինը, նաեւ երկու ընդդիմադիր պատգամավորներ` Մահամաթ Կադրեն եւ Սալեհ Մաքքին:

Ըստ դատախազի, նրանց մոտ հեղաշրջման ծրագիրը հաստատող փաստաթղթեր են հայտնաբերվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի նախկին գաղութ Չադը անկախությունից հետո մի քանի ռազմական հեղաշրջումներ եւ ապստամբություններ է տեսել: Գործող նախագահ Իդրիս Դեբին ինքը 1990թ. զենքը ձեռքին մտել էր Նջամենա եւ զավթել իշխանությունը` դրանից հետո չորս անգամ հաղթելով ընտրություններում: