Առաջիկա ժամերին «Երեւան դաշինքի» ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ դատախազություն եւ հատուկ քննչական ծառայություն՝ ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունների հետ կապված:

Այս առնչությամբ, «Բարեւ Երեւան» դաշինքի տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասուլիսի ընթացքում հայտարարել է. «Ես ցանկանում եմ հարց տալ նրանց եւ, բնականաբար, «Բարեւ Երեւան» դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, թե ինչո՞ւ տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները»:

«Բարեւ Երեւան» դաշինքը հայտարարում է, որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները:

Բացի այդ, դաշինքը համարում է, որ Տ. Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար:

Առաջիկա ժամերին հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք ՀՀ դատախազություն եւ հատուկ քննչական ծառայություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ասուլիսում ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը «Բարեւ, Երեւան» դաշինքին հրապարակավ կասկածել է նախընտրական մեքենայությունների մեջ: Նա ասել է, որ կան կուսակցություններ, որոնք կուրծք են ծեծում ընտրությունների որակի համար. «Ես ցանկանում եմ հարց տալ նրանց եւ, բնականաբար, «Բարեւ, Երեւան» դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, ինչու տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները:

Եթե ինչ-որ մեկը պատրաստ է հերքել դա, ես նրան հրապարակային բանավեճի եմ հրավիրում, ավելի ճիշտ փաստերի քննարկման: Լրատվամիջոցների ներկայությամբ կնստենք, կքննարկենք փաստերը, կպատասխանենք հարցերին: Հետեւաբար, նրանք, ովքեր իսկապես շահագրգիռ են ընտրությունների բարձր որակի մեջ, խոսելու են ոչ միայն քարոզչության, ընտրողների վրա ճնշումների մասին, այլեւ կոնկրետ փաստեր են ձեռնարկելու, օրինակ` չեն վաճառի իրենց տեղերը հանձնաժողովներում»: