«Մայքրոսոֆտ» ինովացիոն կենտրոնում այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը եւ «Մայքրոսոֆտ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը ստորագրել են բարձրագույն կրթության ոլորտի համագործակցության մասին հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա է եղել «Մայքրոսոֆտ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ղեկավար Տակոյա Հիռանոն:

Արմեն Աշոտյանը, ներկայացնելով հուշագրով նախատեսվող ծրագրերը, նշել է, որ հուշագիրը միտված է ընդլայնել «Մայքրոսոֆտ» ընկերության ծառայությունների օգտագործումը կրթական համակարգի, տվյալ դեպքում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից: «Հուշագիրը նաեւ  հնարավորություն է հատկապես բուհերի եւ ուսանողների համար՝ առավել մատչելի եւ համապարփակ  ձեւով ծանոթանալ «Մայքրոսոֆտ» ընկերության արտադրած ծրագրերին եւ օգտվել վերջինիս ծառայություներից: Նախարարությունն իր պարտավորություների շրջանակում պատրաստ է  ստանձնել առաքելություն՝ աշխատել բուհերի հետ միասին, որպեսզի  ՏՀՏ ոլորտի անխափան զարգացումը, այդ թվում՝ կրթության համակարգի միջոցով, իր հետեւողական շարունակությունն ունենա իր գործնկերների հետ, որոնցից մեկը «Մայքրոսոֆտ» ընկերությունն է՝ իր բոլոր մակարդակներում՝ վերազգային, տարածաշրջանային եւ հատկապես ազգային, որի Հայաստանի գրասենյակը բացի նրանից, որ խոշոր ընկերություն է ներկայացնում,  իրականում աշխատում է Հայաստանի հասարակության, տվյալ դեպքում՝ ուսանողության համար»,-ընդգծել է նախարարի պաշտոնակատարը:

Սույն համաձայնագրի շրջանակում ձեռք է բերվում համաձայնություն ՀՀ բուհերում մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ, որը նպատակ ունի կրթությունը դարձնել 21-րդ դարի պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ համալսարաններին եւ ուսանողներին զինել նորագույն տեխնոլոգիաներով։