Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր՝ մայիսի 3-ին, այցելել է Սյունիքի մարզի  Հալիձոր եւ Շինուհայր համայնքներ, տեղում ծանոթացել «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացքին:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի, Հայ առաքելական եկեղեցու, տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր:

Ներկայացվել են «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված` Տաթեւի  վանքի հարակից ութ համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշվել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը կխթանի համայնքների զարգացումն ու կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես քննարկվել են  համայնքների գազիֆիկացման, ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի վերականգնման հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Հալիձոր-Տաթեւ ճանպարհահատվածում անվտանգության լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությանը:

Խորհրդակցությանը կարեւորվել է, որ տարածաշրջանում բոլոր ծրագրերը համահունչ լինեն «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տրամաբանությանը, իրականացվել են օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաեւ բնապահպանական եւ քաղաքաշինական փորձաքննություն անցնեն:

Հյուրերը շրջայց են կատարել նաեւ համայնքներում, ծանոթացել զարգացման հնարավորություններին: