Մեկնարկել են հայ մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսությունները, որոնց շրջանակներում միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանում, Արցախում եւ վիրահայ մի շարք համայնքներում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սփյուռքի նախարարությունից:

Մայիսի 3-ին հոբելյանական միջոցառման մասնակիցները, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, այցելել են Բարերարների ճեմուղի եւ ծաղիկներ դրել Միքայել Արամյանցի կիսանդրու առջեւ: Հանդիսություններին մասնակցում է Միքայել Արամյանցի ծոռը` Ալեքսանդր Ջանոեֆֆը` իր տիկնոջ Աննայի հետ, որ Հայաստան են ժամանել Լոնդոնից: Այնուհետեւ ՀՀ սփյուռքի նախարարությունում բացվել է  մեծանուն բարերարի կյանքի եւ գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսը:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը մեծ բարերար Միքայել Արամյանցի ծոռ Ալեքսանդր Ջանոեֆֆին պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով եւ կոչ արել շարունակել մեծ պապի ուղին, որից հետո հոբելյանական հանդիսության մասնակիցները դիտել են «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմը:

Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսություններ են կազմակերպվել նաեւ Արցախում: Ստեփանակերտի մշակույթի պալատի նախասրահում բացվել է մեծանուն բարերարի կյանքի եւ գործունեության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես: Կայացել է «Միքայել Արամյանց. մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմի ցուցադրությունը: Մասնակիցներն այցելել են Շուշի, եղել են բարերարի ծննդավայրում` Արցախի Քյաթուկ գյուղում, նաեւ` այն տանը, որը ժամանակին ռեալական ուսումնարանին է նվիրել Միքայել Արամյանցը:

Նշենք, որ Միքայել Արամյանցի ծննդյան օրը կնշվի Թբիլիսիում: Մայիսի 4-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կկատարվի հոգեհանգստի արարողություն, որից հետո միջոցառումներ տեղի կունենան «Հայարտուն» մշակութային կենտրոնում: