Երկու շաբաթից մենք Ստրասբուրգում կներկայացնենք Եվրախորհրդում մեր նախագահության գերակայությունները եւ մանրամասն ծրագիրը: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, «Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը» թեմայով ԱԺ լսումներից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Լսումների ընթացքում հնչած որոշ հարցերին ես մանրամասն չանդրադարձա, տվեցի ընդհանուր պատասխաններ: Բացատրեմ ինչու: Oրինակ, ատոմակայանի փակման վերաբերյալ. այն պնդումները, որ Հայաստանի առջեւ «ուլտիմատում» է դրված, սխալ ձեւակերպում է։ Որպես արտգործնախարար կարող եմ ասել, որ «ուլտիմատումներով» մեզ հետ ոչ ոք չի խոսում։ Երկրորդը, ատոմակայանի խնդիրը Եվրախորհրդի օրակարգի հարց չէ:
Ինչո՞ւ ենք որոշել «Սպարտակ» բալետը ներկայացնել Ստրասբուրգում: Ասեմ ինչու։ Գիտեք, որ 20-րդ դարի ամենահայտնի դասական երաժշտական գործերը Ռավելի «Բոլերո»-ն է եւ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարը»: Արամ Խաչատրյանը համաշխարհային հեղինակություն է։ Իհարկե, այդպիսի կոմպոզիտոր ունենալ, ով մեր այցեքարտը կարող է համարվել եւ նրա ստեղծագործությունը մեր նախագահության շրջանակներում Ստրասբուրգում ներկայացնելը մեծ պատիվ է եւ մենք չէինք կարող բաց թողնել նման հնարավորությունը: Բայց եթե այլ նախաձեռնություններ լինեն, ապա մշակույթի նախարարության հետ համատեղ կկազմակերպվեն նաեւ այլ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առնչությամբ ինչ-որ թվեր հնչեցին: Ես չցանկացա պոլեմիկայի մեջ մտնել: Կան երկրներ, որոնց դեմ տասնապատիկ ավելի հայցեր են ներկայացված... Բնական է, մենք միացել ենք համապատասխան կոնվենցիաների, ԵԽ գործող համակարգի մաս ենք կազմում, ուրեմն երբ որ լինում են բողոքներ, համապատասխան որոշումներ, պետք է հարգանքով եւ ըմբռնումով վերաբերվել դրանց»,-հայտարարել է Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ երբ Հայաստանն ստանձնում է ԵԽ-ում Նախարարների կոմիտեի նախագահությունը, որեւէ մեկը Եվրախորհրդից չի ասում թե դուք ունեք խնդիրներ։ «Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը երբ այցելեց Հայաստան, չասաց, որ Հայաստանը որեւիցե խնդիր ունի նախագահություն ստանձնելու իմաստով։ Հակառակը, նշվեց այն բարձր մակարդակի համագործակցության մասին, որը հաստատվել է Եվրախորհրդի եւ Հայաստանի միջեւ»,-ընդգծել է նախարարն ու հավելել. «Չմտնելով Հայաստան-Ադրբեջան հակադրության մեջ, բայց եթե ասում ենք, որ մեր հարեւան երկիրը կարող է նույնպես ստանձնել ԵԽ նախագահությունը, ապա կարող ենք ավելացնել, որ հենց իրենք խնդիրներ ունեն։
Ասել, որ մենք ինչ-որ հատուկ մոնիտորինգի տակ ենք ԵԽ առջեւ մեր պարտականությունների իրականացման առումով, դա այդքան էլ այդպես չէ: Արդեն համապատասխան ենթահանձնաժողովը որոշում է կայացրել, որ Հայաստանը փոխադրվում է ընդհանուր մոնիտորինգի հարթություն, ինչպես այլ անդամ երկրներ:
Մենք բավական ջանքեր ենք գործադրել եւ գործադրում բարեփոխումներ իրականացնելու առումով: Հարցադրումներին, որոնք բարձրացվել էին ԵԽԽՎ զեկուցողների կողմից մենք ամբողջ լրջությամբ ենք մոտեցել եւ համապատասխան աշխատանք է տարվել, որը դրական գնահատականի է արժանացել»:




























