Ֆրանսիական Պոպմ քաղաքում` Նանսիից ոչ հեռու 25-ամյա հայ է ձերբակալվել: Տղամարդը փորձել է բենզին գողանել բացառիկ համակարգի օգնությամբ: Ոստիկանությունը փնտրում է նրա համախոհներին, հաղորդում է «Europe 1»-ը:
Ավտոլցակայանի հաճախորդներից մեկը ոստիկանությանը զգուշացրել է, թե տարօրինակ այցելուի է նկատել լցակայանի պոմպերի մոտ: Կասկածյալը լցրել է անձրեւաջրերի համար նախատեսված 1000 լիտրանոց բաքը:
Երբ ոստիկանները ժամանել են, տղամարդն արդեն մոտ 700 լիտր բենզին է լցրել, սակայն մտադիր չի եղել վճարել նրա համար:
Ստուգում իրականացնելով` կայանի կառավարիչը նկատել է, որ ձերբակալված տղամարդը միակն է, ով անվճար բենզին է վերցրել: Այդ երեկո մի քանի գողություններ էլ են տեղի ունեցել. «Նրանք ընդհանուր առմամբ տարբեր տեսակի 5000 լիտր վառելիք են վերցրել 22:15-ից 23:40 ժամանակահատվածում»,–ասել է նա:
Սկսվել է հետաքննություն` մյուս գողերին հայտնաբերելու համար: 25-ամյա հայը հարուցված քրեական գործի շրջանակում կանգնել է դատարանի առջեւ, սակայն ժամանակ է խնդրել` պաշտպանությունը կազմակերպելու համար: Նա կրկին դատարանի առջեւ կկանգնի մայիսի 30-ին:



























