Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Սթյուարթ Դիքսոնը եւ դիտորդական առաքելության մյուս ներկայացուցիչները հանդիպել են «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի հետ, հաղորդում է «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբը:
Կարճատեւ հանդիպման սկզբում պարոն Մարտիրոսյանը նշել է, որ «Ժառանգություն» կուսակցության նպատակը միշտ եղել է ԵՄ ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգ ունենալը: Բայց նա միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ դիտորդական առաքելությունները տեսել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրությունների խախտումները: Այդ ամենով հանդերձ, նրանք հայտարարում են, որ այդ ընտրությունները մի քայլ առաջ էին, եւ այդ պարագայում դժվար է Հայաստանում եվրոպական արժեքներ տարածել:
Որպես արդար ընտրությունների կայացման ամենամեծ խոչընդոտ Մարտիրոսյանը նշել է վարչական ռեսուրսի կիրառումը: Խախտումների երկրորդ խմբին նա դասել է ընտրակաշառքները եւ նշել, որ դրա ապացույցները կարելի է գտնել համացանցում: Որպես խախտումների երրորդ խումբ` ընդդիմադիր գործիչը նշել է քարոզարշավի խոչընդոտումը հանրապետական երիտասարդների կողմից:
Դիքսոնի հարցին, թե ի՞նչ են իրենք արել ընտրացուցակների հետ կապված խախտումների դեմն առնելու համար, Մարտիրոսյանը պատասախանել է, որ ինքը որպես պատգամավոր օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով նախատեսվում էր ընտրացուցակների հրապարակումը ընտրություններից հետո: Հիմա բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կողմ են այդ օրենքի ընդունմանը: Դա շատ արդիական խնդիր է այն պայմաններում, երբ 3.5 մլն բնակչություն ունեցող Հայաստանից 1.5 մլն-ը արտագաղթել է: Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ «Բարեւ Երեւանը»` որպես այդ խախտումների դեմն առնելու մեխանիզմ, խնդրում է քաղաքացիներին բերել իրենց այն ծանոթների անուններն ու հասցեները, ովքեր չեն բնակվում Հայաստանում, եւ այժմ «Բարեւ Երեւանի» վստահված անձինք ունեն այդ անունների մի պատկառելի ցանկ եւ վերահսկելու են, որպեսզի նրանց փոխարեն քվեարկություն չիրականացվի: Որպես մեկ այլ մեխանիզմ` նշվել է ընտրություններից հետո վերահաշվարկի դիմելը եւ ցուցակներից քաղվածք պահանջելը:
Հարցին, թե 40%-ից ավել ձայն չհավաքելու դեպքում պատրա՞ստ է արդյոք կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, «Ժառանգության» փոխնախագահը պատասխանել է, որ «Բարեւ Երեւան» դաշինքը պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, քանի որ իրենց համար առաջնայինը համակարգային փոփոխությունն է:




























