Հրապարակվել են Թամերլան Ցարնաեւի մահվան պաշտոնական պատճառները, ըստ որոնց նա մահացել է հրազենային վնասվածքներից, ինչպես նաեւ գլխի եւ մարմնի բութ վնասվածքից: Այս մասին հաղորդում The Boston Globe-ը:

Թե կոնկրետ ինչպես է նա գլխին ու փորին բութ վնասվածքներ ստացել, պարբերականը չի հստակեցնում: Միաժամանակ, ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թամերլան Ցարնաեւին մեքենայի տակ է գցել նրա եղբայրը՝ Ջոհար Ցարնաեւը:

Հիշեցնենք, որ Թամերլան Ցարնաեւը սպանվել է ապրիլի 19-ին՝ նրա ձերբակալության փորձի ժամանակ: Իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Ջոհարը ձերբակալվել է: Թամերլանի մարմինը հարազատներին են փոխանցել մայիսի 2-ին: Նրան կհուղարկավորեն Մասաչուսեթսի նահանգի Վուսթեր քաղաքում:

Թաղման օրը դեռեւս հայտնի չէ: Միաժամանակ, ըստ Reuters-ի, Վուսթերի մի քանի գերեզմանոցներ արդեն հրաժարվել են իրենց մոտ թաղել ահաբեկչին:

Ջոհար Ցարնաեւը ներկայումս գտնվում է բանտում, նա հարցաքննության ժամանակ խոստովանել է իր մեղքը: Ջոհար Ցարնաեւի դատավարությունը կսկսվի մայիսի 30-ին: