ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են գերձայնային X-51A Waverider հրթիռը, ասվում է երկրի ռազմաօդային ուժերի պաշտոնական կայքում: Փորձարկումը Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել մայիսի 1-ին:
Հրթիռն արձակվել է B-52 օդանավից՝ 15200 մետր բարձրությունից, ապա արագացուցիչի օգնությամբ բարձրացել մինչեւ 18200 մետր: 6-րոպեանոց թռիչքի ժամանակ X-51A Waverider-ի արագությունը հասել է 5,1 միավոր Մախի (6100 կմ/ժամ): Թռչելով 426 կմ, հրթիռը ոչնչացել է:
Այս թռիչքը ամենաերկարատեւն է եղել նախկինում անցկացված թռիչքների շարքում եւ ամենաերկարատեւը գերձայնային հրթիռների պատմության մեջ: ԱՄՆ ռազմաօդային ուժերը համարել են, որ փորձարկումն անցել է «շատ հաջող», գրում է Lenta.ru-ն:
Այս փորձարկումը 4-րդն էր X-51A Waverider-ի պատմության մեջ: Նախորդ երեքից առաջին անցկացվել է 2010 թվականին եւ հաջող է եղել 95 տոկոսով: Հաջորդ փորձարկումներն անցկացվել են 2011 եւ 2012 թվականներին, որոնք ձախողվել են:




























