ԱՄՆ-ն Կենտրոնական Ամերիկայում թմրանյութերի դեմ ռազմական մեթոդներով չի պայքարելու, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոստա-Ռիկայի մայրաքաղաք Սան-Խոսեում:
Կենտրոնական Ամերիկայի միջոցով դեպի ԱՄՆ թմրանյութերի մաքսանենգությունը տարածաշրջանային երկրների եւ Միացյալ Նահանգների «ընդհանուր խնդիր է» եւ «պետք է լուծվի համատեղ ջանքերով», ընդգծել է նա: Ամերիկայի նախագահը մատնանշել է, որ Վաշինգթոնը «գիտակցում է իր պատասխանատվությունը» նարկոտրաֆիկի գործում` հաշվի առնելով ԱՄՆ-ում նկատվող թմրանյութերի պահանջարկի ավելացումը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի ուժեղացման միջոցները Օբամայի եւ Կոստա-Ռիկայի նախագահ Լաուրա Չինչիլյայի բանակցությունների առանցքային թեմաներից էին: Կոստա-Ռիկա կատարած այցի շրջանակներում Օբաման փակ դռների ետեւում հանդիպել է Կենտրոնական Ամերիկայի ինտեգրացիոն համակարգի անդամ-պետությունների ղեկավարների հետ:
Նախքան Կոստա-Ռիկա այցելելը Օբաման եղել է Մեքսիկայում: Այնտեղ լինելու վերջին օրը նշանավորվել է նրանով, որ երիտասարդների հետ հանդիպելիս Օբաման խոսել է իսպաներեն` կոչ անելով նրանց նպաստել իրենց երկրի բարգավաճմանը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Օբաման մեջբերել է նաեւ Մեքսիկայի ազգային հերոս եւ նախագահ Բենիտո Խուարեսի խոսքը. «Մարդկության ճակատագիրը ժողովրդավարությունն է եւ դա նկատելի է այստեղ` Մեքսիկայում»:




























