Այսօր՝ մայիսի 4-ին, ավարտվում է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (World Armenian Youth Network – WostAYN) նախաձեռնած եւ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված «Ստեղծագործական գյուղական երիտասարդական աշխատանք» (Creative rural youth work) խորագրով միջազգային սեմինարը, որին մասնակցում են 11 երկրներ ներկայացնող 28 երիտասարդ առաջնորդներ եւ գյուղացի երիտասարդներ:

Սեմինարի նպատակն է գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին ներգրավել երիտասարդական-հասարակական աշխատանքի ոլորտ` օգտագործելով նոր-ստեղծագործ մեթոդներ ու երիտասարդական կազմակերպությունների ներուժը: Լատվիայից, Վրաստանից, Սլովենիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Խորվաթիայից, Չեխիայից եւ Ռումինայից ժամանած երիտասարդները ծրագրի 7 օրերի ընթացքում կարողացան ոչ միայն ներկայացնել իրենց երկրներում վարվող պետական երիտասարդական քաղաքականությունը, այլեւ համատեղ նոր ծրագրեր մշակել` գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդների համար:

Ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանն ասել է. «Ըստ վիճակագրական տվյալների բոլոր պետությունների գյուղական համայնքների երիտասարդները գտնվում են պասիվ գոտում: Պետք է այսպիսի նախաձեռնություններով «հալեցնել սառույցը», գտնել ուղիներ` նրանց նույնպես ներգրավելու ակտիվ կյանք»:

Հրավիրվածները այս օրերի ընթացքում այցելել են Եղվարդ, Աշտարակ եւ տարածաշրջանի գյուղեր, ծանոթացել տեղի երիտասարդների հետ, լսել նրանց մտահոգությունների, խնդիրների մասին, հասցրել նկարահանել տեսաֆիլմեր` Թուրքիայից ժամանած հայ լրագրող Սեյֆիի օգնությամբ:

Նշենք, որ Ոստայնը ստեղծվել է 2006 թ. Երեւանում, ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ եւ այսօր միավորում է հայկական երիտասարդական 21 կազմակերպություն 15 երկրից: Ոստայնի նպատակն է նպաստել  Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը,  երիտասարդության  ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային եւ միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Նշենք, որ Ոստայնը ստեղծվել է 2006 թ. Երևանում, ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ և այսօր միավորում է հայկական երիտասարդական 21 կազմակերպություն 15 երկրից: Ոստայնի նպատակն է նպաստել  Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը,  երիտասարդության  ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային և միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: