Բելգիայի Շելեբելե քաղաքից ոչ հեռու  քիմիական նյութեր տեղափոխող գնացքի մի քանի վագոն է պայթել:  Գնացքը դուրս է եկել Հոլանդիայից: Պատահարի պատճառով շարժումը երկաթուղու հատվածում դադարեցվել է: Պայթյունից հետո վագոնները բռնկվել են, հաղորդում է «Բալտինֆոն»:

Իշխանությունները մոտ 300  մարդու տարհանել են մոտակա տներից:  Վթարի հնարավոր պատճառների եւ քիմիական նյութի  տեսակի մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Ներկայումս, ըստ NEWS.ru.com-ը, պայթյունների վայրում հրդեհը մեկուսացվել է: Արտակարգ պատահարի հետեւանքով զոհեր չկան, հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Իշխանությունները նաեւ հայտնում են, որ պայթել են ակրիլոնիտրիլով 4 ցիստեռններ:

Տեղի իշխանությունները պնդում են, որ տարհանման գոտուց դուրս մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգ չկա: Բելգիական երկաթուղու օպերատոր Infrabel ընկերությունը հաղորդել է, որ երկաթուղու այդ ճյուղով գնացքների երթեւեկությունը կվերսկսվի միայն օրվա վերջում: