Մայիսի 9-ին, ժամը 19:00-ին, Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում «ՎՍԵՍՎԻՏ» ուկրաինական պարբերականի խմբագրության կողմից կանցկացվեն ամենամյա գրական ընթերցումներ, որի ժամանակ կընթերցվի «Հայ գրատպության 500-ամյակ» եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակած «Երեւանը` 2012 թվականի Գրքի համաշխարհայի մայրաքաղաք» ծրագրերի շրջանակներում տպագրված եւ արդի հայ գրականությանը նվիրված «ՎՍԵՍՎԻՏ» պարբերականի հատուկ համարը:
Մարտի 22-ին Հայաստանի գրողների միությունում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել ուկրաինական «ՎՍԵՍՎԻՏ» ամսագրի շնորհանդեսը: Ամսագրի գլխավոր խմբագիր Օլեգ Միկիտենկոյի տեղեկացմամբ` «ՎՍԵՍՎԻՏ»-ը արտասահմանյան գրականությանը նվիրված միակ ուկրաինական ամսագիրն է, որը լույս է տեսնում 1925 թվականից եւ այդ տարիների ընթացքում թարգմանությամբ հրատարակել է արտասահմանյան հայտնի գրողների հարյուրավոր ստեղծա¬գործություններ:
Հոբելյանական համարում ուկրաիներեն թարգմանությամբ ներկայացված է հայ դասական եւ ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին, որտեղ տեղ են գտել Մետաքսեի, Էդուարդ Միլիտոնյանի, Դավիթ Հովհաննեսի, Արտեմ Հարությունյանի, Լեւոն Անանյանի, Դավիթ Մուրադյանի, Նորայր Ադալյանի, Նելլի Շահնազարյանի, Ռուբեն Անգալադյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ «Խոտինյան պատերազմի պատմությունը»` Ալեքսանդր Բոժկոյի թարգմանությամբ:
Ուկրաիներենով հայ ժամանակակից գրականության այսպիսի համապարփակ ներկայացումը կարելի է համարել հայ-ուկրաինական մշակութային հարաբերությունների նոր շրջափուլ, որին նախորդել է 1999 թ. «Գարուն» ամսագրում ժամանակակից ուկրաինական գրականության ներկայացումը:
2012 թ. ապրիլին` Կիեւում Մաքսիմ Ռիլսկիի անվան գրական թանգարանում կայացել է ուկրաինական «ՎՍԵՍՎԻՏ» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսը, որին ներկա էին հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, գրողներ, լրագրողներ:
2012 թ. նոյեմբերին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «ՎՍԵՍՎԻՏ» համաշխարհային գրականության ամսագրի գլխավոր խմբագիր Յուրի Միկիտենկոն, գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Դրոզդովսկուն եւ պատասխանատու քարտուղար Նինա Խարչուկը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:



























