Չեչնիայում գտնվող օտարերկրացիների համար վտանգավոր չէ, վստահ է հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը, ով հերքել է բրիտանական իշխանությունների հայտարարությունները, թե անգլիացիների համար ավելի նպատակահարմար է ձեռնպահ մնալ Չեչնիա այցելությունից:

«Անգլիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս չայցելել Հյուսիսային Կովկաս: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Չեչնիայում ավելի անվտանգ է, քան Անգլիայում: Բարի գալուստ»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Քադիրովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախօրեին Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ էր տվել իր քաղաքացիներին չայցելել Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ, այդ թվում Չեչնիա, Դաղստան, Հյուսիսային Օսիա, Կարաչաեւո-Չերկեսիա եւ Կաբարդինո-Բալկարիա: «Առավել հաճախ ահաբեկչական գործողություններ իրականացվում են Մոսկվայում եւ Հյուսիսային Կովկասում»,-նախազգուշացրել է բրիտանական հյուպատոսությունը: